Ազատամարտիկներն այլեւս չեն սպասում ոստիկանության գործողություններին եւ քայլեր են ձեռնարկում սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկողներին գտնելու եւ պատժելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը՝ նշելով, որ իրենք այս պահին փնտրում են ծեծի մասնակիցներին` անկախ ոստիկանության գործողություններից:

«Իրենց բախտը ուղղակի կբերի, եթե ոստիկանությունը մեզանից շուտ գտնի, մեր դատաստանն ավելի անտանելի է լինելու»,-ասաց նա:

Ազատամարտիկը նշեց, որ չնայած Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը խոստացել էր 3 ժամում հայտնաբերել ծեծի մյուս մասնակիցներին եւ իրենց տեղեկացնել, սակայն որեւէ նորություն դեռ չի հաղորդել:

Նշենք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկը ասել էր, որ ճանաչել է իրեն ծեծողներից մեկին` ոմն Տիգրան, որը, ազատամարտիկի տեղեկությամբ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։ Տիգրանին հրավիրել են ոստիկանություն, Ռուբեն Հայրապետյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ իր թիկնազորում Տիգրան անունով մարդ չկա, իսկ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին անվանել էր խաբեբա։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող։ Քննիչն այցելել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու, սակայն վերջինս ցուցմունք չի տվել՝ ինքնազգացողության վատ լինելու պատճառով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ինմի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել: