Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանն առնչություն ունենալու մեջ մեղադրվող Համզաթ Բահաեւը մեկ ամիս մտորումներից հետո, մերժել է քննության հետ նախաքննական համաձայնագիր կնքելու մասին առաջարկությունը, որի շրջանակներում նա պետք է ցուցմունքներ տա հանցակիցների մասին: Դրա դիմաց նրա մեղադրանքը պետք է վերաորակավորվեր որպես «հանցագործության կոծկում», գրում է «Կոմերսանտը»:
Հարցաքննության ընթացքում Բահաեւը հայտնել է, որ մարտի 2-ին իր եւ նույն գործով անցնող Շադիդ գուբաշեւի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցում խոսք է եղել միայն տան վարձը վճարելու ձգձգումների մասին:
Գուբաշեւը միակն է, որը պաշտոնապես խոստովանել է իր մեղքը հետաքննության ժամանակ: Նա նշել է, որ իր ավագ եղբայր Անզորը իրենց հեռու ազգական Զաուր Դադաեւի հետ մշտապես հայհոյել են Նեմցովին՝ վերջինիս տարբեր արտահայտությունների պատճառով, որոնք կրել են հակառուսական եւ հակամահմեդական բնույթ: Նա նաեւ հայտարարել է, որ Բորիս Նեմցովի սպանությունից 4 ժամ անց նրանք պատմել են իրեն կատարած հանցագործության մասին:




























