Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչների բողոքից 10 օր անց վարունգի մթերման հարցը դեռեւս ամբողջությամբ չի լուծվել:
NEWS.am-ին գյուղապետարանից հայտնեցին, որ թեեւ վարունգը մթերում են, բայց ոչ մեծ քանակությամբ եւ համապատասխան արժեքով:
«20, 30 դրամով վարունգ են մթերում, որը նույնիսկ բանվորական ծախսերը չի հանում: Բացի դրանից՝ գործարանները մթերում են այնքան, ինչքան որ իրանց պետք է, իսկ վարունգն էլ անընդհատ բերք է տալիս, մինչեւ խոր աշուն բերք ենք ունենում վարունգի, որը չգիտենք ինչ անենք արդեն»,- ասաց Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ գյուղացիներն ունեն նաեւ խաղողի եւ ծաղկակաղամբի մթերման խնդիր եւ այժմ անելանելի վիճակում են:
Հիշեցնենք, որ դարակերտցիները սեպտեմբերի 11-ին բողոքի ակցիա էին կազմակերպել եւ պահանջում էին գյուղնախարարությունից պայմաններ ստեղծել, որ կարողանան իրացնել վարունգի բերքը:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ իրենք պայմանավորվել են վերամշակող եւ արտահանող ընկերությունների հետ՝ Դարակերտի բնակիչների վարունգի բերքը մթերելու վերաբերյալ:




























