Տավուշի մարզի Մովսես գյուղում սեպտեմբերի 18-ին ուշ երեկոյան Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության մեջ կասկածվողը՝ Արթուր Մկրտումյանը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Արթուր Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ Մկրտումյանն ու Պապյանը համագյուղացիներ են:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ, 41-ամյա Արթուր Մ.-ն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Դերենիկ Պապյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Արթուր Մ.-ն սեպտեմբերի 19-ին, ժամը 00.45-ին, Մովսես գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:




























