«Թունավորում սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ Մասիսից Երեւան տեղափոխված 4-ամյա աղջիկը սեպտեմբերի 22-ին դուրս է գրվել Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը:
«Աղջկա վիճակը նորմալ էր, ապաքինվել է, նրան երեկ երեկոյան հիվանդանոցից տուն տարավ հայրը, տատիկը եւ պապիկը»,-ասա Բագրատ Բավեյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 16-ին Մասիս քաղաքում 35-ամյա Շուշանիկ Թ.-ն սնդիկի օքսիդ եւ արծաթի նիտրատ էր խմել, ապա սնդիկի օքսիդ էր խմեցրել նաեւ 4-ամյա դստերը՝ Սյուզի Մ.-ին: Շուշանիկ Թ.-ն ամուսնալուծված է, քիմիայի ուսուցչուհի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սեպտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ):




























