Հիմնադիր խորհրդարանը նախաձեռնել է ստորագրահավաք, որի մասնակիցը հաստատում է, որ ամբողջությամբ համակարծիք է Զարուհի Փոստանջյանի՝ 2015 թ. սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում հրապարակած ելույթում նշված բոլոր մտքերին եւ միանում է այդ ելույթում հնչած նրա բոլոր կոչերին: Այդ մտքերի եւ կոչերի համար ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ն սպառնացել է պատասխանատվության կանչել Զարուհի Փոստանջյանին: Ստորագրահավաքի նպատակն է ցույց տալ, որ ժողովուրդն է երկրի տերը, իսկ հայաստանյան հանցավոր վարչախումբը եւ նրա ԱԱԾ-ն հեռացվելու են կառավարման լծակներից եւ ժողովրդի ու օրենքի դեմ գործած նրանց ներկայացուցիչները պատասխանատվության են ենթարկվելու:

Հանձնագրի տեքստում, մասնավորապես նշվում է. «Հայաստանը կառավարող հանցավոր վարչախումբը՝ ի դեմս ԱԱԾ-ի, սպառնացել է Զարուհի Փոստանջյանին՝ 2015թ․ սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում  հնչեցրած ելույթում արտահայտած մտքերի եւ կոչերի համար:

Վարչախմբին  թվում է, թե արդեն անցկացրել է մեր երկիրը համակենտրոնացման ճամբարի վերածող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ շտապում է ցուցադրել իր դիվային մագիլներն ու ժանիքները:

Սույն ստորագրահավաքի նախաձեռնողը Հիմնադիր խորհրդարանն է։ Նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ ժողովուրդն է երկրի տերը եւ շուտով վարչախումբը հեռացվելու է կառավարման լծակներից, իսկ նրա ներկայացուցիչները պատասխանատվության են ենթարկվելու օրենքի եւ դատարանի առջեւ:

Սույն ստորագրահավաքի մասնակիցը հաստատում է, որ ամբողջությամբ համակարծիք է Զարուհի Փոստանջյանի՝ 2015 թ. սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում հրապարակած ելույթում նշված բոլոր մտքերին եւ միանում է այդ ելույթում հնչած նրա բոլոր կոչերին:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Մենք պետք է դուրս գանք այս Սերժ Սարգսյանի նախաձեռնած գոեւրծընթացի դեմ եւ տապալենք եւ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ին, եւ այսպես կոչված բարեփոխումները: Պետք է անցնենք ոչ միայն Մելիք-Ադամյան փողոցով, այլեւ Նալբանդյան փողոցով եւ քանդենք այնտեղի Բաստիլը՝ ներկայիս ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ ու հիմնադրենք մեր ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը»: