Լոնդոնի համալսարանի Քրեական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի (Institute for Criminal Policy Research) զեկույցի համաձայն՝ աշխարհում կա 700 հազար կին բանտարկյալ։ Ինստիտուտի գիտնականները 219 երկրներից տեղեկություններ են հավաքել եւ պարզել, որ 2000թ.-ից աշխարհում բանտարկված կանանց թիվը կրկնապատկվել է։

Այդ աճը գերազանցել է տղամարդկանց համանման ցուցանիշը։ Փաստաթղթում նշվում է, որ հատկապես մեծացել է բանտարկյալ կանանց թիվը Սալվադորում, Բրազիլիայում, Կամբոջայում եւ Ինդոնեզիայում, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։ Զեկույցում ասվում է, որ այդ թիվը իրականում կարող է ավելի մեծ լինել, քանի որ շատ երկրներ չեն բացահայտում իրենց բանտային վիճակագրությունը։

Զեկույցի հեղինակները կարծում են, որ կառավարությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի այդ տվյալներին, քանի որ բանտարկյալ կանայք հաճախ իրենք են հանցագործությունների զոհեր հանդիսանում։