Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ընկերներն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հավաքել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ, որտեղ կանցկացնեն «Ազատամարտիկների դաշինքի» վարչության հերթական նիստը:

«Այսօր նիստի օրն էր, որոշեցինք բաց նիստ անցկացնել: Կքննարկվի հիմնականում Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու հարցը: Մենք կսպասենք, թե ինչ ընթացք կստանա գործը, որն ուղարկվել է Քննչական կոմիտե, որից հետո կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց ազատամարտիկ Լեռնիկ Մաղաքյան:

Հիվանդանոցի բակում այս պահին հավաքված մի քանի տասնյակ ազատամարտիկներին միացել են նաեւ ակտիվիստներ:

Նշենք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկն ասել էր, որ ճանաչել է իրեն ծեծողներից մեկին` ոմն Տիգրան, որը, ազատամարտիկի տեղեկությամբ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։ Տիգրանին հրավիրել են ոստիկանություն, Ռուբեն Հայրապետյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ իր թիկնազորում Տիգրան անունով մարդ չկա, իսկ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին անվանել էր խաբեբա։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող։

Ազատամարտիկին ծեծելու դեպքով բերման են ենթարկվել 28-ամյա Ա. Գրիգորյանը եւ 28-ամյա Հ. Պետրոսյանը, եւ 36-ամյա Ա. Սարգսյանը, իսկ ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ բերման է ենթարկվել նաեւ այն անձը, ում ազատամարտիկը ճանաչել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ինմի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել: