Կոչումների հանձնման ինստիտուտն իրեն սպառել է եւ անիմաստ բնույթ է կրում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողներին ասաց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով կոչումների հանձնման ինստիտուտին եւ մասնավորապես սեպտեմբերի 21-ին երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչման շնորհմանը:
«Կոչումներ հանձնելն ավելի շատ ընդունված է բռնապետական երկրներում, իսկ Հայաստանում դա եկել է խորհրդային հասարակարգից: Ես կարծում եմ, որ նմանօրինակ կոչումներ հանձնելը էժանագին քայլ է` մարդկանց համակրանքը վայելելու համար: Արմենչիկի դեպքում էլ ասեմ, որ պարգեւը գտավ իր արժանի հերոսին: Նրան կոչում տվողը լսում է հենց այդպիսի երգեր»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Ըստ նրա` կոչումը ենթադրում է որոշակի մասնագիտական գնահատական, սակայն, հայտնի է, որ այդ կոչումները տվողները մասնագետներ չեն. «Կարելի էր տալ նաեւ ժողովրդական արտիստի կոչում, դրանք համարյա նույն բաներն են: 2004 թվականից ես էլ ունեմ վաստակավոր արտիստի կոչում, որի մասին տեղեկացել եմ հեռուստացույցից: Ես այնքան չեմ արժեւորում կոչումների ինստիտուտը, որ, նույնիսկ, չեմ էլ հրաժարվում իմ կոչումից»:
Երգահան Արտավազդ Բայաթյանն էլ նշեց, որ կոչումների ինստիտուտը վարկաբեկված է եւ այն իրեն սպառել է կոմունիստական վարչակարգի փլուզման հետ:
«Ժամանակին կոչում տալիս էին այն մարդկանց, ոչ թե նրա համար, որ շնորհքով էին, այլ այն պատճառով, որ ծառայություններ էին մատուցում վարչակարգին, ու ոչ մի պատահական մարդ չէր ստանում: Օրինակ ոչ մեկ Փարաջանովին կոչում չէր տա, նա վարչակարգին ծառայություններ չէր մատուցում: Արմենչիկը կոչումի խնդիր չուներ, նա լավ վաստակում է, երեւի կան մարդիկ, որ ցանկացել են նրան լավություն անել »,- ասաց Արտավազդ Բայաթյանը:
Նշենք, որ երգիչ Արմեն Գոնդրաչյան-Արմենչիկին Սերժ Սարգսյանի հրամանագրով վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել է Հայաստանի անկախության օրվա առթիվ՝ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:




























