Ըստ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նոր զեկույցի՝ Չինաստանի եւ Հնդկաստանի աճի ավելի թույլ հեռանկարների եւ խոշոր արդյունաբերական տնտեսությունների դանդաղ վերականգնման պատճառով 2015-2016թթ-ին Ասիայի զարգացող երկրների աճի ցուցանիշները կլինեն նախորդ կանխատեսումներից ցածր:
Ըստ ԱԶԲ-ի տարեկան տնտեսական առաջատար հրապարակման՝ «Ասիական զարգացման հեռանկարներ 2015»-ի, (ԱԶՀ 2015), թարմացված տարբերակի՝ տարածաշրջանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2015թ-ին կկազմի 5.8%, իսկ 2016թ-ին՝ 6.0%, ինչը ավելի ցածր է, քան մարտին արված կանխատեսումները` 6.3% նշված տարիների համար:
«Անկախ աճի դանդաղումից՝ ակնկալվում է, որ Ասիայի զարգացող երկրները կշարունակեն մնալ համաշխարհային աճին նպաստող ամենամեծ տարածաշրջանը, բայց գոյություն ունեն մի շարք դժվարություններ, ինչպիսիք են արժութային ճնշումները եւ կապիտալի արտահոսքի վերաբերյալ անհանգստությունները»,- ասել է ԱԶԲ գլխավոր տնտեսագետ Շանգ-Ջին Ուեյը: «Միջազգային տոկոսադրույքի տատանումներին եւ ֆինանսական այլ ցնցումներին դիմակայելու համար կարեւոր է իրականացնել մակրոպրուդենցիալ կարգավորումներ, ինչը որոշ երկրներում կարող է հանգեցնել կապիտալի հոսքի որոշակի կառավարման, օրինակ՝ արտարժութային փոխառությունից կախվածության սահմանափակման»:
Ըստ զեկույցի՝ արդյունաբերական տնտեսություններում նկատվում է աճի նվազում՝ 2015թ-ին կազմելով 1.9%, որն ավելի ցածր է, քան մարտին արված 2.2% կանխատեսումը: Պատճառը սպառման եւ ներդրումների ցածր ցուցանիշներն են, թեեւ բարելավվել են Եվրոգոտու եւ Միացյալ Նահանգների շարունակական աճի հեռանկարները:
ՉԺՀ՝ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը, զուսպ տնտեսական աճ է գրանցել, ինչը 2015թ-ի առաջին 8 ամիսներին ներդրումների եւ արտահանման ծավալների նվազման հետեւանք է: Աճի ներկայիս ցուցանիշը 2015թ-ին կազմում է 6.8%՝ ավելի վաղ կանխատեսված 7.2%-ի եւ 2014թ-ին արձանագրված 7.3%-ի համեմատ: Ցածր արտաքին պահանջարկի եւ առանցքային բարեփոխումների՝ սպասվածից ավելի դանդաղ տեմպերով իրականացման պատճառով դանդաղում է Հնդկաստանի աճի տեմպը, որը 2015թ-ի դրությամբ կազմում է 7.4%՝ ավելի վաղ կանխատեսված 7.8%-ի համեմատ:
Միեւնույն ժամանակ, Հարավարեւելյան Ասիան կրում է ՉԺՀ-ի՝ իր հիմնական շուկաներից մեկի աճի դանդաղեցման, ինչպես նաեւ արդյունաբերական երկրներից եկող կրճատված պահանջարկի բեռը՝ 2015թ-ին ցուցաբերելով 4.4% աճ, որը 2016թ-ին կբարձրանա մինչեւ 4.9%:
Համաշխարհային լայն սպառման ապրանքների, այդ թվում նավթի եւ սննդի նվազող գները զսպում են գնային լարվածությունը: 2015թ-ին տարածաշրջանում կանխատեսվում է գնաճի անկում մինչեւ 2.3%՝ 2014թ-ին արձանագրված 3.0%-ի համեմատ, չնայած 2016թ-ին սպասվում է գնաճի ցուցանիշի բարձրացում:




























