«Ազատամարտիկների դաշինքն» այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բակում տեղի ունեցած վարչության նիստում որոշել է փաստաբաններ ընդգրկել ազատամարտիկի ծեծի ենթարկելու գործում:

«Նման որոշում ենք կայացրել, որպեսզի մեր ընկերոջը իրավական աջակցություն ցույց տանք ու կարողանանք պարբերաբար ինֆորմացիա ստանալ գործի ընթացքից: Հրավիրել ենք փաստաբանների, որոնց ճանաչում ու վստահում ենք»,-NEWS.am-ին ասաց ազատամարտիկ Ռազմիկ Ավետիսյանը՝ նշելով, որ, եթե նկատեն, որ գործը փակուղի է տարվում, փաստաբանների միջոցով հնարավորություն կունենան միջամտել դրան:

Ռազմիկ Ավետիսյանը նշեց, որ շարունակելու են փնտրել Սմբատ Հակոբյանին ծեծողներին: Նրա խոսքով, ազատամարտիկին հետապնդած անձանց որոշ մարդիկ ճանաչել են եւ իրենք նրանց բնակության հասցեներն արդեն գտել են, կայցելեն ճշտված հասցեներով եւ  կպարզեն, թե որքանով կապ ունեն այդ մարդիկ դեպքի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով արդեն կան բերման ենթարկվածներ:

Բերման են ենթարկվել 28-ամյա Ա. Գրիգորյանը եւ 28-ամյա Հ. Պետրոսյանը, եւ 36-ամյա Ա. Սարգսյանը:

 Նշենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող: