Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը կարող է Եվրասիայի ժողովրդավարացման համար տհաճ հետեւանքներ բերել: Այսպիսի եզրահանգման է եկել Արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի փորձագետ Սայմոն Հոլերբաուերը:
Չնայած հետխորհրդային տարածաշրջանի, Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի պետություններին գրավելու՝ Եվրամիության փորձերին, եվրոպական ինստիտուտներին աջակցությունը ցածր է հատկապես որոշ առանցքային պետություններում: Օրինակ, Մոլդովայում՝ բարեփոխումների իմաստով «Արեւելյան գործընկերության» ամենահաջողակ երկրում, ԵՄ-ին աջակցությունը 40% է՝ ի տարբերություն 2007 թվականի 78%-ի: Փորձագետի կարծիքով, բողոքի ցույցերի վերջին ալիքը նույնպես կասկածի տակ է դնում Եվրոպայի հետ հաջող ինտեգրումը: Չնայած ցուցարարները բացահայտ ռուսամետ դիրքորոշում չունեն, սակայն ցույցը ղեկավարող երկու ուժեր Եվրասիական միության կողմնակից են:
Eurasiareview.com-ում հրապարակված հոդվածում փորձագետը նշում է, որ Եվրամիության նախաձեռնություններում վստահության բացակայությունը եւ Միությանն անդամակցության վերաբերյալ եվրասիական երկրների հնարավորությունների շուրջ որեւէ խոստում տալու՝ ԵՄ գործիչների ցանկության բացակայությունն այդ միտումն ավելի մտահոգիչ են դարձնում: «ԵՄ-ին անդամակցելու դժվարությունը ԵՏՄ-ն ավելի գոհացնող հեռանկար է դարձնում, որը պոպուլիստ քաղաքական գործիչները կարող են վաճառել իրենց ընտրողներին»,- գրում է հեղինակը:
Նրա կարծիքով, ԵՏՄ-ին Հայաստանի եւ Ղըրղզստանի անդամակցությունը, ինչպես նաեւ Վրաստանում եւ Մոլդովայում մեծացող աջակցությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հռետորաբանությունը համոզում է նաեւ այլ երկրների:
«Ոչ մեծ վտանգը, եթե այդ երկրներն ավելի ու ավելի շատ են ընկնում Ռուսաստանի ազդեցության տակ, ոչ միայն նրանում է, որ նրանք ավելի կհեռանան Եվրոպայից, այլեւ նրանում, որ Պուտինը կկարողանա նրանց քաղաքականության վրա ավելի անմիջականորեն ազդել, այդ պատճառով վերջին տասնամյակների ընթացքում ցանկացած ժողովրդավարական ձեռբերում ընդմիշտ կկորչի»,- ամփոփում է հեղինակը:




























