Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Թադեւոսյանը պնդում է, որ դպրոցում պահպանվում է մարդկային սանիտարահիգիենիկ պայմանները:

«Մենք ունենք եւ տաք ջուր, եւ սառը ջուր, խոհարարներն աշխատում են գլխարկներով, ձեռնոցներով: Դպրոցում մաքրություն է տիրում: Մեզ մոտ պահպանվում են բոլոր պայմանները, որեւէ խնդիր չունենք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնօրենը՝ հերքելով նախնական եզրակացությունը, թե երեխաների զանգվածային թունավորման պատճառը դպրոցի սանիտարահիգիենիկ վիճակն է: 

Նրա խոսքով՝ նման եզրակացություն տալուց առաջ մասնագետները պետք է քսուկներ վերցնեին խոհարարներից, մինչդեռ նման բան չի արվել:

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի հայտարարության՝ Արարատի մարզային սննդի անվտանգության տեսչության նախնական ուսումնասիրության արդյունքներով կարտոֆիլով կարկանդակի, չամիչով բուլկու, գաթայի եւ խաչապուրու մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ, որոնք մարդկային սանիտարահիգիենիկ պայմանների չպահպանման արդյունք են:

ՍԱՊԾ-ից էլ մեզ հայտնել էին, որ բուֆետից նմուշառված խորիզով գաթայի, կարտոֆիլով կարկանդակի, բուլկիի եւ կեքսի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 10-ին Արարատի մարզում զանգվածային թունավորում էր տեղի ունեցել. Բաղրամյան գյուղի 38 եւ Այգեզարդի 8 դպրոցականներ տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել էին դպրոցի ճաշարաններում մատակարարվող սննդից: Պարզվել էր, որ այդ դպրոցներին սնունդ է մատակարարում միեւնույն ընկերությունը:

Ժամանակավորապես դադարեցվել է դպրոցի սննդի կետի գործունեությունը:

Թունավորման դեպքի հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: