Արարատի մարզի Այնթափ գյուղից Պետրոսյանների ընտանիքը, որը 2 տարի առաջ գազատար խողովակների պայթյունի պատճառով զրկվել է տնից, նախագահից պահանջում է վերահսկողություն սահմանել, որպեսզի «Գազպրոմ Արմենիան» իրենց  փոխհատուցումը տա: Ընտանիքի 8 անդամները՝ այդ թվում 2-ամյա երեխան այսօր՝ սեպտեմբերի 24-ին հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց՝ նախագահի հետ հանդիպելու, իրենց պահանջը նրան ներկայացնելու համար:

«Երկու տարի վեց ամիս է՝ հարցը լուծում չի ստանում, մենք վարձով ենք ապրում: Անցած տարի դատավորնն ասեց քաղաքացիական հայցը ներկայացրեք, ներկայացրինք, բայց մինչեւ օրս չի ընդունել վարույթ: Դատավորը գազպրոմի պատվե՞րն էր կատարում:

Փաստորեն, «Գազպրոմ Արմենիայից»  ճիշտ էին, որ ասում էին՝ մենք հզոր ենք, ոչ մեկ մեզ չի կարա ոչինչ ասի: Հիմա եկել ենք նախագահի նստավայրի դիմաց, տենանք՝ իրանք երկրի նախագահի՞ց էլ են հզոր»,- լրագրողներին ասաց ընտանիքի անդամներից Արտակ Պետրոսյանը:

Արտակ Պետրոսյանը նշեց, որ իրենք շարունակում են «Գազպրոմ Արմենիայից» գումար եւ բնակարան պահանջել որպես փոխհատուցում: Նրա խոսքով՝ փորձաքննությունն իրենց տան գույքը չափից շատ էժան է գնահատել՝ 200 հազար դրամ, այնինչ այդ գումարով իրենք մի բազմոց գնել անգամ չեն կարող: Բացի այդ Արտակը պահանջում է հոգալ իր բուժման ծախսերը, քանի որ պայթյունի հետեւանքով իր մոտ նոր առողջական խնդիրներ են առաջացել:

Հիշեցնենք, որ Պետրոսյանների տունը պայթել էր 2013թ.: Ընտանիքի տան տակով անցնող պլաստմասե գազատար խողովակը վնասվել էր, եւ ծխախոտի կայծից առաջացած պայթյունից տունը փլուզվել էր, դարձել բնակվելու համար անպիտան, իսկ տան բնակիչ` 28-ամյա Արտակը, 2-րդ կարգի հաշմանդամ էր դարձել:  

Ընտանիքը դեռ ոչ մի փոխհատուցում չի ստացել, քանի որ գործը 1 տարի է` քննության փուլում է: 

«Գազպրոմ Արմենիան» իր մեղավորությունը չի ընդունում։