Իրկուտսկում քաղաքային շուկան փակել են ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի նախատեսված այցելությունից առաջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ես միշտ այցելում եմ այն տարածաշրջանի շուկա, որտեղ մեկնում եմ: Դա թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է ապրում ժողովուրդը, բայց հիմա Իրկուտսկում առաջին անգամ բախվել եմ նրան, որ իմ եւ իմ թիմի այցից առաջ շուկան փակել են՝ ներսում թողնելով մոտ հազար մարդու՝ վաճառողների ու գնորդների»,-ասել է քաղաքական գործիչը:
Իրկուտսկի քաղաքապետ Դմիտրի Բերդնիկովը տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդել է շուկայի տնօրենի վրա:
«Ծայրաստիճան վրդովված եմ կենտրոնական շուկայում այսօր ստեղծված իրավիճակով: Շուկայի տնօրեն Վլադիսլավ Սվերդլովի աննախադեպ արարքը գնահատում եմ որպես սադրանք: Մենք սպասում էինք Զյուգանովի այցին, գիտեինք, որ նա նախատեսում է շփվել առեւտրականների ու գնորդների հետ, նայել գներն ու մթերքը: Ես հանձնարարել էի այդ այցի ապահովել անվտանգությունը, ստեղծել բոլոր պայմանները, որ այցը նորմալ անցնի»,-հայտարարել է Բերդնիկովը:
Քաղաքի վարչակազմը խոստացել է հետաքննել միջադեպը եւ «ամենախիստ միջոցառումները» ձեռնարկել:




























