ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը արադարացված է համարում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ ԱԱԾ հայտարարությունը, որով ծառայությունը սպառնացել է պատասխանատվության կանչել Զարուհի Փոստանջյանին ԱԺ-ում իր ելույթում հնչեցրած կոչերի համար:
«Զարուհի Փոստանջյանը էքսցենտրիկ գործիչ է, մշտապես հանդես է գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք շեղում են բուն թեմայից, համարում եմ, որ որեւէ գործիչ ԱԺ ամբիոնը չպիտի վերածի միտինգի հարթակի, հանդես գա իշխանափոխության կոչերով: ԱԱԾ պետի հայտարարությունը արդարացված եմ համարում, դրանք բխում են երկրի ու պետության շահերից»,- լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 24-ին ասաց պատգամավորը:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Մենք պետք է դուրս գանք Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացի դեմ եւ տապալենք եւ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ին, եւ այսպես կոչված բարեփոխումները: Պետք է անցնենք ոչ միայն Մելիք-Ադամյան փողոցով, այլեւ Նալբանդյան փողոցով եւ քանդենք այնտեղի Բաստիլը՝ ներկայիս ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ ու հիմնադրենք մեր ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը»:
Այդ մտքերի եւ կոչերի համար ԱԱԾ-ն սպառնացել է պատասխանատվության կանչել Զարուհի Փոստանջյանին:




























