ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի արտահայտության կապակցությամբ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը տեղին է, ժամանակին եւ բխում է օրենքից։ Այս մասին սեպտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Պատգամավորը կարծում է, որ Զարուհի Փոտանջյանը «Ժառանգության» վերջին «բոեւիկը» չէ։ «Նա կոչ է արել ավերել եւ սպանել։ Սրանք իշխանափոխության անօրինական կոչեր են»,- ընդգծել է Մելիքյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Մենք պետք է դուրս գանք Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացի դեմ եւ տապալենք եւ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ին, եւ այսպես կոչված բարեփոխումները: Պետք է անցնենք ոչ միայն Մելիք-Ադամյան փողոցով, այլեւ Նալբանդյան փողոցով եւ քանդենք այնտեղի Բաստիլը՝ ներկայիս ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ ու հիմնադրենք մեր ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը»:

Այդ մտքերի եւ կոչերի համար ԱԱԾ-ն սպառնացել է պատասխանատվության կանչել Զարուհի Փոստանջյանին: