Մոսկվան Հարավային Կովկասում լուծում է Ղրիմի անեքսիայի հետեւանքով առաջ եկած խնդիրները եւ միաժամանակ ճանապարհ է բացում դեպի Սիրիա, կարծում է ռուս քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին, գրում է DW-ն։

«Եվրախորհրդարանի քննադատական բանաձեւից վիրավորված՝ պաշտոնական Բաքուն ԵՄ-ին սպառնում է դուրս գալ «Արեւելյան գործընկերության» ծրագրից։ Ադրբեջանի՝ Եվրամիությունից հեռանալը ձեռնտու է Ռուսաստանից։ Կրեմլը պատրաստակամ է իրենով փակել դիվանագիտական վակուումը, քանի որ դա նրան թույլ կտա հասնել միանգամից երկու արտաքին քաղաքական նպատակների։

Առաջինը՝ թույլ չտալ ղարաբաղյան հակամարտության թեժացումը, որը սպառնում է դուրս գալ սառեցված վիճակից, քանի որ երկու կողմն էլ դեմ չեմ Ղրիմի նախադեպն օգտագործել իրենց շահերի համար։ Ե՛վ Բաքվում, ե՛ւ Երեւանում Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան յուրովի են մեկնաբանում։ Երեւանում խոսում են ներկայիս սահմաններում Ղարաբաղի ճանաչման հնարավորության մասին։ Բաքվում Ղրիմի դեպքում տեսնում են նախկին տարածքը ուժով հետ վերադարձնելու նախադեպ։

Ադրբեջանի հասարակական կարծիքը, եթե դատենք տեղական մամուլից, կողմ է «փոքր հաղթական պատերազմի»։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը նույնպես բարձրաձայնում են Բաքուն գրոհելու մասին եւ հիշում են, որ անցյալ անգամ միայն խաղաղության պայմանագիրը խանգարեց նրանց գրավել Գյանջա քաղաքը։

Օրական մինչեւ հարյուրավոր կրակոցներ են հնչում բաժանման գծում, որը չի համընկնում խորհրդային շրջանի որեւէ վարչական սահմաններին, այլ միայն արտահայտում է կողմերի իրական ռազմական վիճակը խաղաղություն կնքելու պահին։ Հայերը սադրանքների մեջ մեղադրում են ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանական բանակը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որտեղ բնակչության 20 տոկոսը զինված է։

Սակայն Կովկասում մեծամասշտաբ պատերազմը այսօր Մոսկվայի շահերից չի բխում։ Դրանով է առաջին հերթին բացատրվում Հայաստանում եւ Ադրբեջանում Կրեմլի դիվանագիտական ակտիվության կտրուկ աճը։

Մոսկվայի երկրորդ նպատակն է Ադրբեջանի օդային տարածքով տարանցիկ ճանապարհ ապահովել դեպի Սիրիա (եթե դրա անհրաժեշտությունը լինի)։ Սիրիայում գործողություն իրականացնելը աստիճանաբար դառնում է Ռուսաստանի գլխավոր ռազմաքաղաքական հաղթաթղթերից մեկը, եւ անհրաժեշտ է այն հնարավորինս ապահովագրել ձախողումից։ Այդ պատճառով Կրեմլը ջանում է հնարավորինս ակտիվ օգտագործել ԵՄ-ի հետ Ադրբեջանի վեճը՝ հույս ունենալով Բաքվին  վերադարձնել իր ազդեցության ոլորտ։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկն ու դրա մասամբ իրականացումը Ռուսաստանի համար այդ գործում իդեալական գործիք է։

Փոխզիջումային լուծման ի՞նչ տարբերակ էր կարող Ռուսաստանն առաջարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, երբ նա սեպտեմբերի կեսին անակնկալ այցով Մոսկվա էր մեկնել։ Ամենայն հավանականությամբ, բաղադրատոմսը վերջին տարիներին շատ չի փոխվել։ Խոսքը այսպես կոչված օկուպացված տարածքների վերադարձի մասին է։ Բայց ոչ բոլորը, այլ միայն 5-ը, ընդ որում՝ աստիճանաբար։ Իսկ մյուս երկուսը Երեւանը առանց լուրջ երաշխիքների երբեք չի համաձայնի վերադարձնել, քանի որ դրանք Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող կամուրջ են հանդիսանում։

Իսկ դրա դիմաց Հայաստանն ի՞նչ է ստանալու։ Ուղղակի ու ոչ ուղղակի փոխհատուցում, Ռուսաստանի նոր ռազմական երաշխիքներ։ Հնարավոր է, որպես տարբերակ լինի նաեւ Սիրիա բեռնափոխադրումների տարանցիկ կենտրոն ստեղծելու անվան տակ Հայաստանում եւ Ադրբեջանում ռուսական բազաների տեղակայման բարդ սխեման։ Մոսկվայում շատ ուրախ կլինեին իրադարձությունների նման զարգացմանը, քանի որ դա ոչ միան վերահսկողություն կապահովեր Հարավային Կովկասում, այլեւ այն կվերածեր սիրիական գործողությունների իդեալական բազայի։ Միայն այդ պատրվակի տակ հնարավոր կլիներ Ադրբեջանում բազա տեղակայելու առաջարկ անել՝ առանց ԱՄՆ կոշտ հակազդեցության։

Կրեմլի համար այդ պլանը գրեթե իդեալական լուծում կլիներ։ Ղարաբաղյան հակամարտությունը նորից սառեցվում է, բայց չի լուծվում, տարածաշրջանում ներկայությունը մեծանում է, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ազդեցությունը՝ միայն աճում։

Այս սխեման գործնականում չունի բացասական կողմեր։ Այն խնդիրներ կստեղծի ե՛ւ Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս իշխանությունների համար, որոնք ստիպված են լինելու բացատրել տարածքների մի մասից հրաժարվելու պատճառը, ե՛ւ Ադրբեջանի նախագահի համար։ Իսկ Կրեմլը միայն կշահի»,-  գրում է DW-ն։