Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ծառից կախված վիճակում հայտնաբերված՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանը մեղադրվում էր կրթահամալիրից յուրացումներ կատարելու մեջ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց Միքայելյանի փաստաբան Թադեւոս Ալեքսանյանը, որն ընդամենը 2 օր առաջ նրա հետ մասնակցել է դատական նիստի:
«Ինձ համար էլ է շոկ կատարվածը: Երկու օր առաջ միասին նիստի ենք մասնակցել, գործը քննվում էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Չգիտեմ էլ՝ ինչու է նման քայլի դիմել»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Միքայելյանն աշխատանքից ազատվել էր դեռեւս 2010թ.-ին:
Թադեւոս Ալեքսանյանը հայտնեց նաեւ, որ Միքայելյանը նախկինում դատապարտված է եղել, այս անգամ արդեն ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Այս գործով նա դատապարտվել էր ազատազրկման եւ այս տարվա ապրիլին ազատ էր արձակվել:




























