«Օֆշորի» հայտնի գործով տուժող Փայլակ Հայրապետյանի պաշտպան Ինգա Ավագյանն այսօր` սեպտեմբերի 25-ին, Երեւանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեց քաղաքացիական գործ հարուցել և ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանից բռնագանձել տուժողին անմիջականորեն պատճառված մոտ 8 միլիարդ դրամի գույքային վնասը ու կալանք դնել նրա և հարազատներին պատկանող գույքի վրա:

Մեղադրվող կողմը դատարանից ժամանակ խնդրեց տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցին ծանոթանալու և դրա վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու համար:

Դատական նիստին որպես վկա հարցաքննվեց «Ջի Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրեն Նելլի Հարությունյանը: Նա նշեց, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին առաջին անգամ տեսել է 2009թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, երբ նա ներկայացրել է հումքի ներկրման հետ կապված իր առաջարկները: Ըստ նրա՝ Սուքիասյանը այդ խորհրդակցության ժամանակ հայտնել էր, թե կարող է ադամանդի հումք բերել Աֆրիկայից, սակայն, առանց փաստական հիմքի` ինչպես է բերելու կամ ինչ հումք: Այդ պատճառով էլ շատ գործարարներ լուրջ չեն վերաբերվել այդ առաջարկին և չեն հետաքրքրվել, թե հետագայում ինչ է տեղի ունեցել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2015թ. հոկտեմբերի 1–ին։

Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց  հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:

Գործով միակ մեղադրյալն այս պահին գործարար Աշոտ Սուքիասյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Ներկայում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունը օֆշորային գործին: Միաժամանակ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Տիգրան Սարգսյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի, որով նախկին վարչապետը պահանջում է հերքել լրատվամիջոցներում իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, որոնք նա համարում է զրպարտություն, և հասցված բարոյական վնասի դիմաց 1 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցել: