ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, այցելել է Արմավիրի մարզ, որտեղ Գեղակերտ համայնքում կազմակերպվել էր հանդիպում վարունգի բերքի իրացման խնդիրը քննարկելու եւ լուծումներ տալու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաեւ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը,  համայնքապետեր, մի շարք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներ:

Ռոբերտ Մակարյանի խոսքով` վերամշակող ընկերություններն այս տարի իրենց ունեցած պահանջարկից ավել են վարունգ մթերել, սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով նախաձեռնվել է այս հանդիպումը, որպեսզի երկու կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեն  բերքի մթերման հարցում եւ փոխշահավետ ու երկուստեք ընդունելի լուծումներ գտնվեն:

«Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության են եկել, վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն այս պահին արդեն այդ համայնքներում են եւ ուսումնասիրություններ են իրականացնում` պահածոյացման ենթակա վարունգը մթերելու նպատակով»,-հայտնել է նախարարի տեղակալը:

Ինչ վերաբերում է շուկայահանման ենթակա արտադրանքին, ապա գյուղացիական տնտեսություններին առաջարկվել է շաբաթ-կիրակի օրերին կազմակերպել իրացումը մայրաքաղաքի գյուղատնտեսական տոնավաճառներում: Այդ նպատակով նախարարությունն արմավիրցիների համար լրացուցիչ տեղեր կհատկացնի` հնարավորություն ընձեռելով  նաեւ մեծածավալ վաճառք իրականացնել բեռնատար մեքենաներով: Փոխնախարարը նաեւ ընդգծել է, որ գյուղատնտեսական տոնավաճառներին մասնակցությունն անվճար է, եւ վերավաճառողներից ցածր գին առաջարկելու դեպքում գյուղացիները կկարողանան իրենց արտադրանքն իրացնել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի ու Արարատի մարզերում գարունգի մթերման հարցը չի լուծվում: Արարատի մարզի Դարակերտ գյուղում վարունգը մթերում են քչ քնակով, այն էլ 20-30 դրամով:

Իսկ Արմավիրի մարզի գյուղերում բնակվողները աճեցրած վարունգի խմբաքանակը լցրել են աղբանոցը՝ պատճառաբանելով, որ այն չի վաճառվում։ Գյուղացիները պատմել են, որ վաճառել են այնքան, ինչքան կարողացել են, հետո իրենց ազգականներին են բաժանել վարունգը, այնուհետեւ ազատվել են ապրանքից՝ այն լցնելով աղբամանը։ Գյուղացիների պնդմամբ՝ առանց այդ էլ այս տարի վարունգի քիչ խմբաքանակ են աճեցրել, սակայն դրա իրացումն էլ դարձյալ չի ստացվել։