«ՄիԳ 29»-ը ժամանակակից լավագույն օդանավերից է։ Նման կարծիք է հայտնել Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը։
Լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Պետրովը, պատասխանելով իր յուրացրած ինքնաթիռների քանակի մասին հարցին, նշել է, որ ինքը յուրացրել է 6 տեսակի ինքնաթիռ, որոնցից 4-ը՝ «ՄիԳ»։
«Թռել եմ «ՄիԳ» 21-ով, 23-ով, 24-ով։ Չի կարելի ասել, որ մի օդանավը լավն է, իսկ մյուսը՝ վատը։ Յուրաքանչյուրն իր բնավորությունն ունի, իր տեխնիկան։ Օդաչուն սիրահարվում է յուրաքանչյուր ինքնաթիռի, որով թռիչք է իրականացնում։ Ամենից շատ ինձ դուր է եկել «ՄիԳ» 21-ով թռչելը, որով առաջին անգամ օդ եմ բարձրացել։ «ՄիԳ 24»-ով եւ «ՄիԳ 29»-ով օդ բարձրանալը նույնպես դուր է գալիս։ Ես կարծում եմ, որ դա ժամանակակից լավագույն օդանավերից մեկն է։
Ես դրանցով թռչում եմ 1989թ.-ից, եւ որքան շատ եմ թռչում, այնքան շատ եմ հաճույք ստանում»,- ասել է Ալեքսանդր Պետրովը։
Նրա խոսքով՝ ռուսական ավիաբազան շահագործում է «ՄիԳ» սերիայի օդանավերը։ Կան ուսումնամարտական եւ մարտական ինքնաթիռներ։ «Շոգ եղանակային պայմաններում օդանավերը բավական հուսալի են դրսեւորում իրենց, ոչ մի խոտան գրեթե չի լինում։ Բոլոր առաջադրանքները կատարվում են որակով եւ բարձր մակարդակով»,- նշել է գնդապետը։




























