«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Նոր Սահմանադրության նախագծում երկրի համար ամենավտանգավոր դրույթներից մեկը կապված է զինված ուժերի ղեկավարման հետ։ Մասնավորապես, այդ նախագծով, մինչեւ պատերազմ հայտարարելը, Հայաստանում չի լինելու զինված ուժերի գլխավոր-գերագույն հրամանատար, այսինքն՝ չի լինելու մի պաշտոնյա, որը խաղաղ պայմաններում մշտապես զբաղվել է զինված ուժերի ղեկավարությամբ եւ որը պատասխանատվություն կունենա եւ կկարողանա Հայաստանի անվտանգության համար անմիջական սպառնալիքի դեպքում անմիջապես որոշում ընդունել զինված ուժերի կիրառման վերաբերյալ։ Իսկ արդեն պատերազմ հայտարարելուց հետո այդ դերը վերապահվելու է ՀՀ վարչապետին։

«ՉԻ»–ն ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ զրուցել է այդ թեմայով։

Նոր Սահմանադրությամբ որքանով է երաշխավորված զինված ուժերի՝ իբ առաջ դրված գործառույթներն ամբողջությամր իրականացնելու հնարավորությունը։

Ամբողջապես վերանայվել է գործող համակարգը, զինված ուժերի կառավարման, համակարգման, վերահսկման միանգամայն նոր սահմանադրաիրավական հիմքեր են ձեւավորվում, եւ դա պայմանավորված է նաեւ պետական կառավարման համակարգում տեղի ունեցող սահմանադրական փոփոխություններով։ Բնականաբար, ԶՈՒ վերահսկողության խնդիրը նույնպես առանձնակի կարեւորություն ունի, եւ այդ առումով, սահմանադրական փոփոխությունների նախագծով տրվելու են նոր լուծումներ։

Գործող Սահմանադրությամբ ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը եւ՛ պատերազմի ժամանակ, եւ՛ խաղաղության պայմաններում նախագահն է, մինչդեռ՝ նոր Սահմանադրությամբ այս հարցին այլ մոտեցում է ցուցաբերված։ Ձեր կարծիքով, առաջարկվող նոր մոդելը որքանով կապահովի ԶՈՒ լիարժեք գործունեությունը, եւ ընդհանրապես, արդյոք նորմալ է, երբ խաղաղության պայմաններում չկա ԶՈՒ գյխավոր գերագույն հրամանատար, եւ միայն պատերազմի ժամանակ է այդ պարտականությունը դրվում վարչապետի վրա։

Հանրապետության նախագահի կարգավիճակը, գործառույթները եւ լիազորություններն էապես փոխվել են, եւ այդ հանգամանքը հաշվի չառնելը ճիշտ չի լինի։ Այդ հանգամանքով Էլ պայմանավորված է այն փաստը, որ հանրապետության նախագահն այլեւս չի լինելու գլխավոր-գերագույն հրամանատար։ Այո, սահմանադրական փոփոխությունների նախագծով պատերազմի ժամանակ նման կարգավիճակ է ձեռք բերում վարչապետը,  իսկ  խաղաղ ժամանակ գլխավոր գերագույն հրամանատարի անհրաժեշտություն չի զգացվելու, ԶՈՒ ղեկավարման ու կառավարման սկզբունքները նախատեսված են համապատասխան դրույթներով եւ կարծում եմ այստեղ որեւէ անմիջական վտանգ տեսնել մեր ԶՈՒ համար, ճիշտ չէ»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում