Թեեւ վերամշակող ընկերությունները խնդիրներ ունեն, նախորդ տարվա մթերման գինը կպահպանվի, բերքն ամբողջ ծավալով կմթերվի: Այս մասին, սեպտեմբերի 24-ին, Տավուշի մարզ այցելության ժամանակ գյուղացիների հետ զրույցում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գյուղնախարարությունից հայտնում են, որ նախարարը եղել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներում եւ բոլոր վերամշակող ընկերություններում:
«Սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում եւ մեր նպատակն է առավելագույնս աջակցել այս համայնքների բնակիչներին, ովքեր իրենց կյանքի գնով են բերքը մշակում` իրացումն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցում», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանի տեղեկացմամբ ընկերությունն օրական մթերում է 200 տոննա խաղող, ընդ որում, ամբողջությամբ Տավուշի մարզից: Ըստ նրա` խաղողագործների հետ կնքված պայմանագրերով նախատեսվում էր մթերել 4100 տոննա խաղող, սակայն որակյալ արտադրանքի առաջարկի դեպքում ընկերությունը պատրաստ է անսահմանափակ քանակությամբ մթերումներ իրականացնել: Ընկերության կողմից արդեն իսկ մթերվել է 2500 տոննա խաղող: Տնօրենը նաեւ տեղեկացրել է, որ գործարանն ունի 19 մշտական եւ 21 սեզոնային աշխատակիցներ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 120 հազար դրամ, բոլորը մարզի բնակիչներ են:
Այնուհետեւ նախարարն ուղեւորվել է դեպի Այգեպարի գինու գործարան: Այստեղ խաղողի մթերումները կսկսվեն սեպտեմբերի 28-ից: Թեեւ նախապես պայմանագրեր չեն կնքվել գյուղացիների հետ, սակայն պատասխանատուները հավաստիացրեցին`պատրաստ են մթերել ամբողջ բերքը:
Նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Վարագավան համայնքի խաղողագործների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Խաղողագործ Սվետլանա Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2000 մ2 վրա խաղող է մշակում, այս տարի արդեն ստացել է 5 տոննա բերք, ունի պայմանագիր Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ եւ պատրաստվում է իրացնել արտադրանքը:
Այգեհովիտ համայնքում նախարարը զրուցել է խաղողագործների հետ, որոնք մեծ դժվարությամբ հավաքում են խաղողի բերքը, նախարարը հորդորել է առաջին հերթին հետեւել իրենց անվտանգությանն ու զգոնություն պահպանել։
Այցի ընթացքում նախարարը եղել է նաեւ մարզի Բերդավան համայնքում գտնվող խաղողի մթերման կետում, զրուցել գյուղացիների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանդիպմանը ներկա էին նաեւ հարակից մի շարք համայնքների ղեկավարներ: Նախարարը հավաստիացրել է խաղողագործներին, որ չնայած վերամշակող ընկերությունները խնդիրներ ունեն, սակայն նախորդ տարվա մթերման գինը կպահպանվի, բերքն ամբողջ ծավալով կմթերվի: Նախարարը հայտնել է, որ մի քանի օրից կվերագործարկվի տեղի մթերման կետը, նախարարությունը նաեւ կհետեւի, որպեսզի մթերված խաղողի դիմաց վճարումները ժամանակին կատարվեն:
Նախարարի խոսքով՝ անցյալ տարի Տավուշի մարզում արտադրվել է շուրջ 15 հազար տոննա խաղող, որից մթերվել է 7 500-ը, այս տարի բերքն ավելի առատ է, կան տարածքներ, որտեղ հեկտարից մինչեւ 25 տոննա խաղող են ստանալու: Մարզում կան թվով 5 մթերող կազմակերպություններ, որոնցից 3-ն արդեն մթերումներ են իրականացնում: Սերգո Կարապետյանը կոչ է արել բնակիչներին բերքահավաքի հարցում չշտապել, քանի որ խաղողի շաքարայնությունը դեռեւս այնքան էլ բարձր չէ՝ եւս մեկ անգամ վստահեցնելով, որ բոլոր վերամշակող ընկերությունների հետ հստակ պայմանավորվածություն ունեն՝ բերքն ամբողջությամբ կմթերվի, եւ դաշտում խաղող չի մնա: Անդրադառնալով վճարումների հարցին՝ նախարարը մասնավորապես նշել է, որ Երեւանի կոնյակի գործարանի մասնաճյուղը վճարումները կատարում է եռօրյա ժամկետում, մնացած ընկերությունները՝ ըստ սահմանված գրաֆիկի:
Այցի ավարտին նախարարն այցելել է նաեւ «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ Դեբեդավանի մասնաճյուղ եւ Իջեւանի գինու գործարան, որտեղ խաղողի մթերումների մեկնարկն այսօրվանից արդեն տրված է: Գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Էգոյանի խոսքով՝ հաշվի առնելով բերքի առատությունը՝ այս տարի իրենց ունեցած պահանջարկից ավել խաղող կմթերեն։




























