Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լաշա Ժվանիան կզրկվի իր պաշտոնից, իսկ առողջապահության նախարար Ալեքսանդր Քվիթաշվիլին վերջին նախազգուշացումն է ստացել: Այսօր այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Նրա խոսքով, ամենամեծ խնդիրները կառավարության առջեւ ստեղծել է տնտեսության զարգացման նախարարությունը, ուստի հասունացել է արմատական միջոցների դիմելու անհրաժեշտությունը: «Ես արդեն Ժվանիային պաշտոնից հեռացնելու վերաբերյալ սկզբունքային խոսակցություն եմ ունեցել երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ, եւ նա ընդունեց իմ փաստարկները»,- ասել է Գիլաուրին, հավելելով, որ Էկոնոմիկայի նախարարությունում համակարգված աշխատանքների բացակայության պատճառով Վրաստանում ամբողջ հզորությամբ չեն կարողանում աշխատել այն ներդրումային ծրագրերը, որոնք արդեն հաստատվել են եւ որոնց համար արդեն գումար է տրամադրվել:
«Դա վերաբերում է, օրինակ, Չեխիայի հետ ներդրումների պաշտպանության վերաբերյալ համաձայնագրին, որը հանգեցրել է „100 նոր հիվանդանոց“ ծրագրի իրագործման ձգձգմանը, որի համար Չեխիան 125 միլիոն եվրո է հատկացրել, ինչպես նաեւ 80 միլիոն եվրո ՀԷԿ-ի շինարարության նախագծին»,- ասել է վարչապետը:




























