Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի ապրիլի 24-ին հայերին նվիրված ուղերձը կարեւոր էր, քանի որ մինչ այդ Ռումինիայի ոչ մի քաղաքական գործիչ նման բացահայտ հայտարարություն չէր արել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական համաժողովի ժամանակ ասաց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:
«Նաեւ շատ կարեւոր էր, որ Ռումինիայի մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարությամբ հանդես եկավ եւ առաջարկեց, որպեսզի Հայոց ցեղասպանությունը նշվի Հոլոքոստի կողքին, նրանց այս հայտարարությունը պաշտպանեցին գնչուների քաղաքական կուսակցությունները, հրեական եւ հայկական համայնքները»,-ասաց Գասպարյանը:
Դեսպանը նշեց, որ հաշվի առնելով Ռումինիայի յուրահատուկ հարաբերությունները Թուրքիայի հետ՝ հասկանալի է, թե ինչու են Ռումինիայի քաղաքական կուսակցությունները խուսափում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելուց: Համլետ Գասպարյանը տեղեկացրեց, որ Ռումինիայում հայ համայնքը այժմ աշխատանքներ է տանում, որպեսզի իշխանությունները թույլ տան Ռումինիայի հանրային վայրերում հուշարձաններ տեղադրել:





























