Վերջին ամսվա ընթացքում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ավելի շատ թուրքեր են այցելել, քան թանգարանի գոյության ողջ ընթացքում։ Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական ֆորումի ժամանակ, հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայ Դեմոյանը։

Նրա խոսքով՝ ամեն օր թանգարան են այցելում թուրքեր։ «Դա օրինաչափություն է դարձել։ Ամենատպավորիչը նրանց լռությունն է։ Եթե առաջ նրանք ժամանում էին որոշակի թերահավատությամբ եւ կասկածներով, ապա հիմա նրանց մոտ հարցեր չեն առաջանում»,- ընդգծել է Դեմոյանը։

Նա նշել է, որ հայկական կողմը ցանկանում է, որպեսզի թուրք հասարակությունը սկսի մտածել այն մասին, թե ինչ է կատարվում, ինչու են ողջ աշխարհում շղթայական ռեակցիայով նոր քայլեր ձեռնարկվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ «Ինչու՞ է Փարիզում ցուցադրություն կազմակերպվում, ինչու՞ աշխարհի ավելի քան 40 քաղաքներում պետական մակարդակով ցուցադրություններ պիտի ընթանան, ինչու՞ են պետական այրերը այցելում «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր։ Մենք ցանկանում են, որպեսզի այդ «ինչու»-ները հանգեցնեն կարեւոր նպատակի իրականացմանը, որպեսզի մենք կարողանանք փոխել ապագա սերունդների մոտեցումը, որպեսզի նրանք առաջին հերթին հասկանան, որ աշխարհն ասում է մի բան, իսկ նրանց սահմաններից ներս պարտադրվում է այլ բան»,- եզրափակեց Հայդ Դեմոյանը։