Ադրբեջանի կողմից լկտի եւ սանձարձակ քայլ է խաղաղ բնակիչների վրա կրակելը, սակայն մեր պատասխանը պետք է լինի ոչ թե համարժեք, այլ մի բան էլ ավելին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը նրանից է, որ համաշխարհային հանրությունը հետեւողական չէ, եւ բոլորի համար ընդունելի նորմերը չի պարտադրում Ադրբեջանին: Այս աղաղակող դեպքերից հետո միջագային հանրությունը պետք է բռնի Ադրբեջանի ձեռքը, եւ պետք է միշտ նշվեն մեղավորների անունները»,-ասաց պատգամավորը:
Պատգամավորը նշեց, որ եթե մենք ավելի համարձակ պատասխան տանք, ապա Ադրբեջանի կարծիքը, թե քանակի հաշվին կարող է հաղթել մեզ, կվերանա:
Գագիկ Մինասյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է քաղաքական մեկուսացման ենթարկի Ադրբեջանին:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 24-ին երեկոյան հակառակորդը ինտենսիվորեն գնդակոծության է ենթարկել Տավուշի սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանի, մեկը՝ Պառավաքարի բնակիչ: Բոլոր 3 զոհերը կանայք են, երկուսը՝ տարեց, մեկը` 41 տարեկան:
Կա 4 վիրավոր: Նրանցից երեքը հիվանդանոցում են, մեկը դուրս է գրվել:
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ Զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում իրավիճակը համեմատաբար կայունացել է: Հայ զինծառայողների շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան:
Ըստ ՊՆ-ի ունեցած տեղեկատվության՝ ադրբեջանական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:




























