Եթե ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի հասցեին իրական սպառնալիքներ հնչեն, ապա առաջին հերթին օմբուդսմենի գրասենյակը կպաշտպանի նրան։ Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հասցեին Ազգային անվտանգության ծառայության արած հայտարարությունը։
«Եթե Փոստանջյանի կամ ընդդիմադիր կարծիք արտահայտող ցանկացած գործչի հասցեին իրական սպառնալիք հնչի, ապա ես եւ բոլոր մյուս իրավապահ մարմինները կպաշտպանենք նրանց։ Միաժամանակ ուզում եմ նշել, որ ԱԱԾ-ն կարող է մասնակցել հանրային քննարկումներին, իսկ այս դեպքում չեմ կարծում, որ սահմանադրական կարգին կամ անվտանգությանը իրական սպառնալիք է եղել։
Հոդվածը, որը հիշատակվում է ԱԱԾ հայտարարության մեջ, ենթադրում եմ, որ վերաբերում է երկրում սահմանադրական կարգը տապալելուն։ Կարծում եմ, բոլորը համաձայն են, որ Զարուհի Փոստանջյանի բառերը սահմանադրական կարգին իրական կամ իրատեսական սպառնալիք չէին պարունակում, հետեւաբար պատգամավորի դեմ իրավաբանական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։ Միաժամանակ նշեմ, որ ԱԱԾ հայտարարությունը նույնպես նրա հասցեին ոչ մի սպառնալիք չէր պարունակում»,- ասել է օմբուդսմենը։
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Մենք պետք է դուրս գանք Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացի դեմ եւ տապալենք եւ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ին, եւ այսպես կոչված բարեփոխումները: Պետք է անցնենք ոչ միայն Մելիք-Ադամյան փողոցով, այլեւ Նալբանդյան փողոցով եւ քանդենք այնտեղի Բաստիլը՝ ներկայիս ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ ու հիմնադրենք մեր ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը»:
Այդ մտքերի եւ կոչերի համար ԱԱԾ-ն սպառնացել է պատասխանատվության կանչել Զարուհի Փոստանջյանին:





























