Արարատի մարզի խաղողագործները, որոնք պահանջում են մթերել իրենց խաղողի բերքը, արդեն մեկուկես ժամ է՝ փակ են պահում Երեւան-Արարատ մայրուղին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի հարյուր խաղողագործներ մոտ 20՝ խաղողի չմթերված բերքով բեռնված մեքենաներով փակել են մայրուղին եւ հրաժարվում են բացել այն: Քիչ առաջ խաղողագործների մոտ է գնացել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Ռոբերտ Մակարյանը: Նրանք ապարդյուն փորձել են գյուղացիներին համոզել բացել ճանապարհը, սակայն գյուղացիները պնդում են, որ մինչեւ նախագահ Սերժ Սարգսյանը կամ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չգան, իրենք չեն հեռանալու:
Փոխնախարարներին, որոնք վստահեցրել են, որ վարչապետը Հովիկ Աբրահամյանը ճանապարհին է, գյուղացիները չեն հավատացել: Քիչ անց մարզպետ Աբրահամյանը նրանց ներկայությամբ զրուցել է Հովիկ Աբրահամյանի հետ եւ փոխանցել գյուղացիներին, որ վարչապետն անձամբ իրեն ասել է, որ արդեն ճանապարհին է եւ շուտով տեղ կհասնի:
Նշենք, որ գյուղացիներն ասում են, որ տարբեր պատճառաբանություններով Մասիսի «Նոյ» գործարանը չի ընդունում իրենց խաղողի բերքը:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նա ասել է, որ հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները սկսված են: Նա վստահեցրել է, որ թեեւ նախորդ տարվա համամատ առաջարկը պահանջարկից մեծ է, բայց անկախ ամեն ինչից իրենք մթերումները նորմալ անցկացնելու են:


.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
(1).jpg)
.jpg)




























