Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել երկկողմ համագործակցության ընթացքը:

Զրուցակիցները մասնավորապես, անդրադարձել են ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) ծրագրի հերթական ստուգման արդյունքներին: Այս համատեքստում արծարծվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, զարգացման միտումներին, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Քննարկվել են ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) ծրագրի շրջանակում տնտեսության աջակցության հնարավորությունները:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսական աճի ապահովմանը, գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը եւ ներդրումների ներգրավմանն ուղղված բարեփոխումները: Իր հերթին Մարկ Հորթոնը կարեւորել է տնտեսական կայունություն եւ աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը: