Թուրքական առաջատար թերթերն արագ արձագանքել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում կազմակերպվելիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վերաբերյալ հայկական NEWS.am լրատվական գործակալության հրապարակմանը։
Թուրքական մամուլը վկայակոչելով NEWS.am-ը նշում է, որ Երեւանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Երեւանյան «Ոսկե Ծիրան»-ը ոչ մի կապ չունի վերը նշված միջոցառման հետ: Բացի այդ, դատական կարգով անվանումը օգտագործելու վիճարկման հարցը հայկական կողմը կքննարկի լիակատար եւ վերջնական տեղեկատվություն ստանալուց հետո։
Թուրքական Hurriyet-ի էլեկտրոնային տարբերակում հիշյալ հրապարակման տակ հետաքրքիր մեկնաբանություններ են թողել թուրք ընթերցողները։ Օրինակ՝ Իբրահիմ Քուրթ անունով ընթերցողը հետեւյալ մեկնաբանություն է արել. «Ինչը որ ճիշտ է, պետք է ասենք` ճիշտ է։ Մալաթիան որտե՞ղ է, արվեստն ու ֆիլմը որտե՞ղ են։ Մալաթիայում նույնիսկ կինոթատրոն չկա։ Ցանկանում են արվեստը զոհաբերել հանուն առեւտրի»։



























