Երեւանի կենտրոնում սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելը բացարձակապես կապված չէ կենցաղային եւ անձնական խնդիրների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Վլադիմիր Առաքելյանը:
«Մենք արդեն գիտենք, թե ովքեր են ծեծի մասնակիցները, շուտով պարզ կլինի պատվիրատուն, եւ մենք կհայտարարենք այդ մասին: Պարտք, պահանջ չի եղել, ուղղակի կան «վայ» ազատամարտիկներ, որոնք պարապ են մնում, սկսում են նման խոսակցություններ տարածել: Սմբատ Հակոբյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է եղել, եւ ծեծողների հետեւում շատ մեծ իշխանություն ունեցող անձ է կանգնած, դրա համար էլ առանց վախենալու, առանց դիմակների էլ գործել են»,-ասաց ազատամարտիկը:
Նշենք, որ այս պահին ազատամարտիկները հավաքված են Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ, որտեղ բուժում է ստանում ծեծված ազատամարտիկը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է երեք մարդ` 28-ամյա Ա. Գրիգորյանը, 28-ամյա Հ. Պետրոսյանը եւ 36-ամյա Ա. Սարգսյանը:
Նշենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող:




























