Թուրքիան հնարավոր է համարում Սիրիայի ճգնաժամի բանակցային գործընթացին նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։

«Հնարավոր է, որ այդ գործընթացը կարող է ընթանալ առանց Ասադի կամ որ անցումային գործընթացը կարող է շարունակվել Ասադի մասնակցությամբ»,- ասել է Էրդողանը։ Ընդ որում, Էրդողանը նորից նշել է, որ ոչ ոք Սիրիայում Ասադի հետ ապագա չի տեսնում։

Նշենք, որ մինչեւ հիմա Թուրքիայի, ինչպես նաեւ Արեւմուտքի ու Պարսից ծոցի երկրների պաշտոնական դիրքորոշումը բացառում էր խաղաղ բանակցային գործընթացին Ասադի մասնակցությունը։ Սակայն վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրները սկսել են հնարավոր համարել այդ տարբերակը։