Այսօր՝ սեպտեմբերի 25-ին Սանահին գյուղում, Անաստաս եւ Արտեմ Միկոյանների թանգարանում տեղի է ունեցել սովետական ավիակոնստրուկտոր Ա. Ի. Միկոյանի 110-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Արարողությանը, որի ընթացքում ծաղիկներ են դրվել Արտեմ Միկոյանի արձանի պատվանդանի եւ Անաստաս Միկոյանի կիսանդրու մոտ, մասնակցել են Ալավերդի քաղաքի քաղաքապետ Կ. Ս. Պարեմուզյանը, Լոռու մարզի փոխմարզպետ Ա. Ռ. Դարբինյանը, Միկոյան եղբայրների թանգարանի տնօրեն Ա. Աղբալյանը, Ա. Ի. Միկոյանի որդին` Օ. Ա. Միկոյանը եւ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ե. Ի. Կոնիշեւը, որը կարդաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնությանդեսպան Իվան Վոլինկինի ողջույնի խոսքը:

Ողջույնի խոսքում, մասնավորապես, նշվում էր. «Ա. Ի. Միկոյանի կյանքի ուղին` գործարանում որպես խառատ աշխատելուց, մինչեւ կոնստրուկտորական բյուրոի պետ դառնալը, որը մինչ օրս շարունակում է աշխարհը զարմացնել ավելի կատարելագործված ինքնաթիռներով եւ կրում է իր առաջին ղեկավարի անունը, սովորեցնում է մեզ երբեք կանգ չառնել ձեռք բերածի վրա, գնալ դեպի նպատակը եւ հասնել ամեն ինչի ուժով ու եռանդով» :