Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թույլատրել է ռուսական շուկա արտահանել հայկական արտադրության հում ապխտած մսամթերք, ինչպես նաեւ ավանդական սուջուխ եւ բաստուրմա:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության երկարատեւ բանակցությունների արդյունքում 2014 թվականի նոյեմբեր 12-ից սկսած ԵԱՏՄ ռեեստրում գրանցված մսամթերք արտադրող եւ/կամ վերամշակող տնտեսավարողները կարող են վերսկսել 72 աստիճան եւ ավելի բարձր ջերմաստիճանում վերամշակված մսամթերքի արտահանումը ՌԴ: Հիշեցնենք. որ մսամթերքի արտահանումը ՌԴ արգելվել էր դեռեւս 2007 թվականին՝ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության բռնկման պատճառով:
Բանակցությունների արդյունքում այս տարվա մայիսի 15-ից հնարավոր է դարձել ռուսական շուկա արտահանել բաստուրմա արտադրատեսակը, իսկ սեպտեմբերի 22-ից՝ նաեւ հայկական արտադրության հում ապխտած մսամթերքը եւ սուջուխը: Վերաբացման հիմք են հանդիսացել ռուս գործընկերների հետ իրականացված համատեղ ուսումնասիրությունները, ինչպես նաեւ երկրում տիրող անասնահամաճարակային կայուն իրավիճակը:




























