Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 25-ին հյուրընկալեց KfW բանկի (Վերականգնման վարկերի բանկ) պատվիրակության անդամներ՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության վարչության պետ Դիրկ Շատշնայդերին, նույն նախարարության ներկայացուցիչներ՝ Կլաուս Տանցբերգերին եւ Աննա Կատարինա Դերկորնին, ինչպես նաեւ KfW բանկի տարածաշրջանային ղեկավար Դեյվիդ Բետոլացային եւ բանկի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանին:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը եւ KfW բանկին Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։ Ե. Զախարյանը միաժամանակ նշեց, որ հաջողությամբ ընթանում են KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները, ընդգծեց ծրագրի նշանակությունը էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման գործում:
Իր հերթին` ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության վարչության պետ Դիրկ Շատշնայդերը կարեւորելով հետագա համագործակցությունը՝ նպատակահարմար համարեց ընթացիկ աշխատանքներից բացի ծրագրեր իրականացնել նաեւ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտում: Նախարարը հայտնեց հայկական կողմի պատրաստակամությունը։
Հանդիպման ժամանակ հյուրերին ներկայացվեց նաեւ Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հետագա ռազմավարությունը:




























