Գյումրու թատերական հրապարակում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը: «Ոչ»-ի ճակատը որոշել է փողոցային պայքարը սկսել Գյումրիից, քանի որ Գյումրին համարում է Հայաստանի ամենաընդդիմադիր քաղաքը:

Գյումրու թատերական հրապարակում մոտ երկու հարյուր քաղաքացի է հավաքվել:

Ոստիկանությունը հրապարակի ակցիան հսկում է փոքրաթիվ ուժերով, սակայն, NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հարակից փողոցներում ոստիկանական մեքենաներ կան կենտրոնացած:

Հանրահավաքից հետո տեղի է ունենալու երթ. մասնակիցներն  Գյումրու մի շարք  փողոցներով քայլելով հասնելու են քաղաքաի կենտրոնական հրապարակ՝ հնչեցնելով սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու կոչեր։

Գյումրիում են «Ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցությունը նույնպես հայտարարել է, որ մասնակցելու է այսօրվա հանրահավաքին: 

Ենթադրվում է, որ այսօր կհրապարակվի նաեւ Երեւանում կայանալիք հանրահավաքի օրը:

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում էանցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային սկսվել են նախագծի քննարկումները: Ըստ ԱԺ նախագահի՝ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչեւ աշնան վերջ:

2015թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած «Ոչ»-ի ճակատի առաջին համաժողովի արդյունքում ընդունված հռչակագրին միացել են Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, ԱԻՄ-ը, «Հայազնը», Հիմնադիր խորհրդարանը, «Արմատ» ՀԿ-ն, ՀՀ Քաղաքագետների միությունը, «Մարտի 1» ՀԿ-ն,  «Ազատություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ն, «Ոչ թալանին» նախաձեռնությունը, այլ հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ: