Բանակցությունների որոշակի փուլում կարող է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին այդ գործընթացին որպես լիարժեք կողմ ներգրավելու անհրաժեշտություն առաջանալ: «Երկխոսություն» Միջազգային մամուլի կենտրոն» նախագծի շրջանակում անցկացված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն էվանսը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ներկա փուլի եւ հիմնախնդրի կարգավորման հեռանկարների մասին NEWS.am-ի թղթակցի հարցին:

Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններում դանդաղ առաջընթացը բազմաթիվ հետազոտողների վրդովմունքի առիթ է դարձել, սակայն դիվանագիտությունն ըստ էության ժամանակ է պահանջում:

«Երբ պայմանագրի հիմնական տարրերը համաձայնեցեն, իրադարձություններն ավելի արագ կընթանան: Երկու կողմերն էլ պետք է փոխհամաձայնության կարիք ունենան, եւ կողմերից ոչ մեկը չի ստանա այն, ինչ կցանկանար»,- հավելեց Ջոն Էվանսը: