Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի՝ NEWS.am-ին տված մեկնաբանությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման հետ:

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի կողմից հրթիռահրետանային գնդակոծության հետեւանքով ԼՂՀ ՊԲ 4 զինծառայող է զոհվել: Նախօրեին էլ Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական կողմից կրակահերթերին 3 խաղաղ բնակիչ է զոհ գնացել: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այս գործողությունները:

Ափսոսանք է առաջացնում այն, որ Ադրբեջանի նման գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպումներ են անցկացնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով:

Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներից եւ այդպիսով ստեղծելով եւ հետագայում օգտագործելով մի իրավիճակ, երբ միջնորդներն ի վիճակի չեն բացահայտել լարվածության սրման իրական մեղավորին, Ադրբեջանը կանխամտածված եւ նպատակաուղղված նեղացնում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունների շրջանակը:

Շահագրգիռ միջազգային հանրությանը կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու համար, եւ հետեւանքների բացառմանն ուղղված կոչերի փոխարեն իրավիճակի սրման պատճառներն արմատախիլ անելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային գնդակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ Բերդավանից, 1-ը՝ Պառավաքարից: