Արարատի մարզի Այնթափ եւ Նոր Խարբերդ համայնքի բնակիչները բողոքում են, որ երեկոյան ժամերին իրենց գյուղերը սպասարկող երթուղայիններին չեն կարողանում օգտվել՝ գերծանրաբեռնվածության պատճառով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Նոր Խարբերդի բնակիչ Հայկ Ավետիքյանը հայտնեց, որ իրենք ստիպված են լինում ժամերով սպասել կանգառներում, քանի որ 44, 38 եւ 33 համարի երթուղիները սպասարկող ավտոբուսները գերծանրաբեռնված են լինում եւ ուշ-ուշ են աշխատում:
«Արդեն 3-րդ մասից անհնար է լինում նստել այդ երթուղայինները: Այս ամենին գումարվում է նաեւ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնց պատճառով առաջանում են մեքենաների խցանում և ամենը վերածվում է քաոսի»,- ասաց Հայկ Ավետիքյանը:
Նրա խոսքով՝ ժամը 21:00-ից հետո էլ գյուղերից Երեւան եկող երթուղայինները դադարեցնում են իրենց սպասարկումը, ինչն ավելի է դժվարացնում մարդկանց տեղաշարժը:
Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, վստահեցրեց, որ 33 համարի երթուղին սպասարկող ավտոբուսներն աշխատում են մինչեւ ժամը 23:00-24:00-ն:
«38 համարի ավտոբուսների հետ կապված իսկապես խնդիր կա, վարորդների պակաս ունենք, այդ հարցը հիմա լուծվում է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 38 համարի երթուղին սպասարկող ավտոբուսների վերաբերյալ բողոքներ NEWS.am-ը ստացել էր դեռ ամիսներ առաջ, բայց արդեն Նոր Նորքի բնակիչներից: Այդ ժամանակ վստահեցրել էր, որ 38 համարի ավտոբուսները աշխատում են շաբաթվա բոլոր օրերին, մասնավորապես աշխատանքային օրերին ավտոբուսներն աշխատում են միջինը 10-15 րոպե ինտերվալով մինչեւ ժամը 22։00–ն։




























