Ադրբեջանը բացահայտ խախտում է միջազգային իրավունքի հիմնական նորմերը։ Այս մասին սեպտեմբերի 26-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի մեկնարկին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի քայլերն ուղղված են ՄԱԿ Կանոնադրության դեմ, ոտնահարվում են միջազգային հանրությանը վերաբերող բազմաթիվ հոդվածները։ «Սա ձեռնոց է, որը Ադրբեջանը հանդուգն կերպով նետում է միջազգային հանրությանը, ՄԱԿ Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Մենք միշտ պատրաստ ենք վերցնել մեզ նետած ձեռնոցը, մենք գիտենք, թե ում հետ գործ ունենք։ Մեզ համար դա անցած պատմություն է»,- ընդգծել է Շավարշ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է նոր արկածախնդրության դիմել։ «Կարծում եմ, որ արդեն ժամանակն է 2 կողմերին կշեռքի նույն նժարին դնելու փոխարեն հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերել»,- նշել է ՀՀ փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:
Սեպտեմբերի 24-ին Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետեւանքով 3 խաղաղ բնակիչ էր զոհվել, երկուսը` Բերդավանի, մեկը՝ Պառավաքարի բնակիչ: Բոլոր 3 զոհերը կանայք են, երկուսը՝ տարեց, մեկը` 41 տարեկան: Վիրավորվել էր 4 բնակիչ։




























