ԼՂՀ-ում նախօրեին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայողներից 4-ի վիճակը ծանր է, նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա հայտնեց, որ իրենց մոտ տեղափոխվել են Սաֆար Արսենի Սաֆարյանը, Արկադի Արմենի Մուրադյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Արման Արմենակի Ստեփանյանը:
Նշենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ այցելել է հոսպիտալ:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան 16 վիրավոր:





























