Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, այցելել է նախօրեին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման հետեւանքով վիրավորված զինծառայողներին, որոնք բուժում են ստանում ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեյրան Օհանյանը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ՊԲ զինծառայողների հետ, քաջալերել է նրանց եւ մաղթել շուտափույթ ապաքինում: Նախարարը հանդիպել է նաեւ վիրավոր զինծառայողների ծնողներին, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն եւ զորակցություն հայտնել նրանց, եւ հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում ադրբեջանական զինուժի հրետակոծման հետեւանքով զոհված ՊԲ զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան 16 վիրավոր: Վիրավորներից 4-ի վիճակը ծանր է:




























