Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում այսօր` սեպտեմբերի 26-ին, վաղ առավոտից ասֆալտի գործարանի 12 աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում գործարանի մուտքի մոտ ՝ պահանջելով 4 տարիների իրենց չստացած աշխատավարձերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարանի աշխատակիցներն ասել են, որ գործարանի նախկին ղեկավարներ՝ Մամիկոն Պողոսյանը եւ Անդրանիկ Հովհաննիսյանը մոտ 10 մլն դրամ գումար են պարտք իրենց, քանի որ արդեն 4 տարի չեն վճարել իրենց աշխատավարձը: Նրանց խոսքով՝ գործարանը 6 տարի չի գործել, իսկ այժմ սեփականատերերն այն վաճառել են:

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ նախկին աշխատակիցներին զայրացրել է այն փաստը , որ նոր սեփականատերը՝ Միթխար Իգիթյանը, գնելով գործարանը ,պատրաստվում է այն քանդել:

«Մենք արդեն 4 տարի աշխատավարձ չենք ստացել, համբերատար սպասել ենք, որ մի օր կստանանք, բայց այսօր իմացել ենք, որ գործարանը ծախել են ու նոր տերն էլ կսե, օր մեզի փող չի տա, իսկ նախկին տերերից Մամիկոնը Ռուսաստանում է, Անդրանիկն էլ կսե օր, երբ եղավ գումար կուտանք էդ ժամանակ: Մենք չենք պատրաստվի սպասել, թող մեր փողերը տան հետո կքանդեն, թե ինչ կենեն, թող էնեն»-ասաց գործարանի նախկին աշխատակից Անդրանիկ Մետոյանը: Աշխատակիցներն այս պահին գործարանում են եւ թույլ չեն տալիս, որ այն քանդեն ու պահանջում են, նախկին սեփականատերերից վճարել իրենց գումարները:

«Մենք թույլ չենք տա այն քանդեն, Մամիկոնին նոր եկան ոստիկանությունից տարան բաժին, թող գա ու մեզ հստակ, տղամարդավարի ըսե, որ մեր փողերը կուտա, մենք տուն կպահենք վերջը, սաղս ընտանիք ունինք, երեխա ունինք, կարող է գիտեն իրանց համար գնացել ենք ձրի աշխատելու, կբողոքենք էնքան մինչեւ մեր փողերը տան, կռնա մեզի էլ քցեն «Նաիրտի» գործարանի օրը»-ասաց զայրացած աշխատակիցներից մեկը:

NEWS.am-ի հետ զրույցում Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանն ասաց, որ ինքը խնդրից տեղյակ չէ եւ, որ տվյալ գործարանը պատկանում է անհատ քաղաքացու եւ եթե խնդիր կա ապա դա իրենց ներքին խոհանոցն է: Փորձեցինք նաեւ կապ հաստատել գործարանի սեփականատիրոջ՝ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ, սակայն, վերջինս պատասխանեց , որ զբաղված է եւ չի կարող հարցերի պատասխանել: