Հոկտեմբերի 4-ին Մարսելում առաջին վազքարշավը կանցկացվի՝ ընդդեմ ցեղասպանությունների եւ դրանց ժխտման: Ըստ «Nouvelles d'Arménie»-ի, այն կանցկացվի «Հիշողության 10 կիլոմետր» խորագրի ներքո:

Ապրիլին Արա Խաչատուրյանի՝ էվերեստ բարձրանալուց հետո, Մարսելի «Վազքարշավ՝ հանուն հիշողության» մարզական ասոցիացիան հիմա էլ 10 կմ տարածությամբ արշավ է կազմակերպում: 2006 թվականին «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպությունում ստեղծված ասոցիացիան նպատակ ունի սպորտի միջոցով պայքարել ցեղասպանությունների եւ դրանց ժխտման դեմ՝ պահպանելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ դրան հետեւած բոլոր ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների՝ Հոլոքոստի, Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանությունների մասին հիշողությունները:

«Վազքարշավ՝ հանուն հիշողության» ասոցիացիայի նախագահ Ժերար Քիրքորյանը նշել է, որ հպարտ է այս վազքարշավը կազմակերպելու համար:

Ասոցիացիայի պատվավոր նխագահ Պասկալ Շամասյանը, իր հերթին, ընդգծել է, որ Մարսելն այդպիսի վազքաշավի անցկացման համար բնական վայր է: «Մարսելի նավահանգիստն ընդունել է Հայոց ցեղասպանությունը վերապրած առաջին մարդկանց: Մարսելն ապաստան է նրանց համար, որոնք վերապրել են պատմության կործանումները»,- նշել է Շամասյանը: