ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արմավիրի մարզ՝ խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը ծանոթանալու նպատակով:

Վարչապետը նախ Արմավիրի մարզպետարանում հանդիպել է մարզի մթերող կազմակերպությունների ղեկավարներին, հետաքրքրվել խաղողի մթերման աշխատանքների ընթացքով եւ առկա խնդիրներով: Մասնավորապես, մթերող ընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման հարցը, որպեսզի, նախատեսված պահանջարկից բացի, հնարավոր լինի մթերման առավել մեծ ծավալ ապահովել: Կառավարության ղեկավարը խոստացել է հնարավորության սահմաններում աջակցել այդ հարցում:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մարզի համայնքապետերին, խաղողագործներին եւ լսել նրանց  մտահոգությունները մթերման գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Նշելով, որ այս տարի հանրապետությունում խաղողի բերքն առատ է եւ գերազանցում է նախատեսված պահանջարկը՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բերքը մթերելու հնարավորություն ստեղծվի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին՝ մարզի համայնքապետերի հետ համատեղ քննարկել եւ կազմել այն համայնքների ցանկը, որտեղ բերքի աննախադեպ ծավալի մթերման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ:

Վարչապետ Աբրահամյանը նաեւ շրջայց է կատարել մարզի մթերող կազմակերպություններում, մասնավորապես, «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ Արմավիրի մարզի մասնաճյուղում, «ՄԱՊ» ՓԲԸ-ում եւ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ Նոր Ամասիայի մթերման կետում, հետեւել խաղողի մթերման գործընթացին, զրուցել խաղողագործների հետ: Այցի ավարտին վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել գյուղատնտեսության նախարարին եւ Արմավիրի մարզպետին՝ մթերման գործընթացը պատշաճ եւ ժամանակին կազմակերպելու նպատակով: