Երկու լրագրողներ հեռանում են ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրից, որի աշխատակիցներն այս տարվա հունվարին ահաբեկչության զոհ դարձան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ին:
Խմբագրության գեղարվեստական ղեկավար Ռենալդ Լուզիեն, որը հայտնի է Լուզ կեղծանվամբ, դեռեւս մայիսին էր տեղեկացրել, որ ծրագրում է ավարտել Charlie Hebdo-ում ծաղրանկարչի կարիերան: Իսկ հիմա լրագրողը հայտարարել է, որ խմբագրությունից հեռանալու է արդեն հաջորդ շաբաթ: Լուզն ամսագրի այն համարի շապիկի ծաղրանկարի հեղինակն է, որը թողարկվել է 2015 թվականի հունվարի 7-ին զինյալների կողմից խմբագրության դեմ հարձակումից հետո:
Խմբագրության մեկ այլ աշխատակից՝ Պատրիկ Պելուն, շաբաթ տեղեկացրել է, որ նույնպես ցանկանում է ազատվել աշխատանքից: Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա հունվարին:
Հիշեցնենք, որ Charlie Hebdo-ի դեմ հարձակման պատճառը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն էր: Ահաբեկչության հետեւանքով 12 մարդ զոհվեց:





























