Հայաստանում սահմանադրական բարեփոխումները տեղին են, երկիրը պետք է ունենա կառավարման խորհրդարանական համակարգ։ Այս մասին սեպտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, որ խորհրդարանական համակարգը լուրջ առավելություններ ունի։

«Մենք միշտ հայտարարել ենք, որ կողմ ենք կառավարման խորհրդարանական համակարգին։ Սահմանադրական բարեփոխումները քաղաքական փաթեթ է, որը դրական արդյունք կունենա։ Այն, որ այդ փոփոխությունների արդյունքում կլինի հարյուրտոկոսանոց համամասնական ընտրական համակարգ, առանձնահատուկ նվաճում է։ Մյուս կողմից չեմ կարծում, որ մենք պետք է ներգրավված լինենք «այո»-ի կամ «ոչ»-ի գործընթացներին»,- նշել է Զուրաբյանը։

Հարցին, թե չի համամիտ չէ արդյոք նա այն կարծիքի հետ, որ սահմանադրական բարեփոխումները նպատակաուղղված են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը, նա նշել է. «Եթե կարող եք, բացատրե՛ք ինձ, ինչ է նշանակում Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրություն։ Եթե Սերժ Սարգսյանը ասենք Ալեքսանդր Սարգսյանին նշանակի նախագահ, իսկ ինքը դառնա վարչապետ, դա վերարտադրությո՞ւն է։ Վերարտադրության ցանկությունը կապ չունի նրա հետ, թե երկրում կառավարման համակարգը կիսանախագահական է, թե խորհրդարանական»։