Լիբիայում իրավիճակի կայունությունն ու անվտանգությունը Եգիպտոսի կայունության անբաժան մասն է։ Այս մասին Նյու Յորքում Լիբիայի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված խորհրդարանի նախագահ Աքիլ Սալեհի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շոքրին։
«Լիբիան ծանր ժամանակներ է ապրում, եւ բոլոր ուժերը պարտավոր են մտածել առաջին հերթին երկրի շահերի մասին, այդ թվում՝ ազգային միասնության կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին»,- հայտարարել է նախարարը։
ՄԱԿ-ում Լիբիայի հատուկ բանագնաց Բեռնարդինո Լեոնը սեպտեմբերի 22-ին հայտարարել էր, որ Տրիպոլիում ձեւավորված իսլամիստական կառավարության եւ Թոբրուքում ձեւավորված ու միջազգայնորեն ճանաչված խորհրդարանի եւ կառավարության միջեւ խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը կազմված է, եւ այն հանձնել են կողմերին՝ ծանոթանալու համար։




























